Օմբուդսմենի գրասենյակն ակտուալ է համարում Սյունիքում անվտանգության գոտու ստեղծումը: Այս մասին այսօր՝ապրիլի 30-ին, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին Օմբուդսմենի գրասենյակի կատարած աշխատանքի մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով՝ դա թույլ կտա ոչ միայն վերականգնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքները, այլ նաեւ հնարավորություն կտա մշակել հողն ու օգտագործել արոտավայրերը:
Թաթոյանը նշեց, որ դա նաեւ ենթադրում է ադրբեջանցի զինվորների, զինված մարդկանց դուրսբերում, ադրբեջանական դրոշների ու ցուցանակների հեռացում:
Օմբուդսմենը նշեց, որ համապատասխան փաստերը ներկայացրել է միջազգային կառույցներին՝ առաջարկելով անվտանգության գոտի ստեղծել:
Թաթոյանը նաեւ նշեց, որ նպատակն է ներկայացնել միջազգային կառույցներին, որ ադրբեջանական կողմն անցկացնում է նույն քաղաքականությունը, ինչը Օսմանյան կայսրության ժամանակ էր. եւ փորձում է ջնջել պատմության հետքերը:











