Մենք ունենք դեպքեր, երբ Ադրբեջանի կողմ են անցնում խոշոր կամ մանր եղջերավոր կենդանիներ եւ նրանց այլեւս հնարավոր չի լինում վերադարձնել. Սա  նույնպես իրավունքների կոպիտ խախտում է, առավել եւս, որ մեր երկու երկրների միջեւ տեղի չի ունեցել ոչ սահմանագծում, ոչ սահմանազատում. Իսկ սահմանների գործընթացի հիմքում պետք է դրվեն մարդու իրավունքները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային խնդիրներին:

«Հիմա մեր մեր ԶՈՒ ծառայողները, սահմանապահ զորքերի ծառայողները իրականացնում են անձնուրաց, հերոսական ծառայություն: Բայց խնդիրն այն է, որ այս վիճակը նրանցից էլ կախված չէ, որովհետեւ մենք այնտեղ ունենք, ցեղասպան քաղաքականության արդյունքում զինվորականներ: Ինձ ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող համոզել, որ այս վիճակը նորմալ է մարդու իրավունքների տեսանկյունից: Ես որպես ՄԻ պաշտպան, որպես կառավարությունից անկախ հաստատություն բարձրացնում եմ այս հարցերը եւ շարունակելու եմ բարձրացնել»,-ասաց Թաթոյանը:

Անդրադառնալով միջազգային կառույցներին, Թաթոյանն ասաց. «Պատերազմի ժամանակ ձեր անհամաչափ լռությունը նպաստեց նրան, որ մենք ունեցանք լայնածավալ պատերազմական հանցագործություններ, իրավունքների կոպիտ խախտումներ: Մենք պետք է կարեւոր գաղափար, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը լրացնում են երկրի անվտանգությունը: Որքան ուժեղ են պաշտպանված մարդու իրավունքները, այնքան մեծ է անվտանգությունը»:

Նա հավելեց, որ գտել են միջազգային դեպքեր, երբ կադաստրային փաստաթղթերը հիմնարար նշանակություն են ունենում. «Մենք ունենք Սյունիքում դեպքեր, երբ մարդը իր կադաստրային վկայականը ձեռքին կա՛մ հողատարածքից չի կարողանում օգտվել, կա՛մ տունն է բաժանվել երկու մասի, հիմա այդ մարդն ինչ մեղք ունի»:

Թաթոյանը նշեց, որ ԵԱՀԿ-ն ուղեցույցներ ունի, որոնք կադրային փաստաթղթերը դնում են այս հիմքի վրա, իսկ  Ադրբեջանը շարունակում է պատերազմական, ցեղասպան քաղաքականության սպառնալիքները: «Ադրբեջանի իշխանությունները փորձում են աշխարհում կարծրատիպ ձևավորել, թե իբր ամեն ինչ նորմալ է և գնում են խաղաղության: Դրանով նմրանք միակողմանի պատասխանատվությունը թողնում են մեզ վրա, եւ այդ կեղծ խաղաղասիրությամբ փորձում են ծածկել խախտումները: Ես ամեն ինչ անում եմ, որ չկարողանան ծածկել»,-ասաց նա:

Արման Թաթոյանը նկատեց, որ Հայաստանի ոչ մի իշխանություն Ադրբեջանի ժողովրդի, սովորական մարդկանց նկատմամբ ատելություն երբեք չի տարածել, մինչդեռ Ադրբեջանում հակառակն է տեղի ունենում: