Խաղող, ծիրան, ցորեն մշակող հայ ազգը պետք է դառնա կանեփ մշակո՞ղ, այն աստիճան հասցրեցիք գյուղատնտեսությունը, արնաքամ արեցիք, որ արդեն ստիպված կանե՞փ ենք արտադրելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
«Ունե՞ք դուք աճեցման, վերամշակման սարքավորումներ, կոնկրետ շուկա կա՞, ո՞ւմ ենք վաճառելու, ի՞նչ նպատակով, ի՞նչ են դարձնելու այդ բերքը Հանրապետությունում եւ անվտանգության խնդիրները կարգավորվա՞ծ են։ Կանեփի մշակության արդյունքում փոշոտման ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։ Ի՞նչ է՝ Էկոնոմիկայի նախարարությունում գյուղատնտեսության փոքր բաժին կար, որն արդեն զբաղվելու է կանեփի մշակմա՞մբ, վե՞րջ մնացածին»,– նկատեց նախկին փոխնախարարը։
Աշոտ Հարությունյանը թվարկեց մի քանի մշակաբույսեր, որոնց մշակությունը մի քանի անգամ ավել եկամուտ է ապահովելու, բացի այդ ըստ նրա, ռիսկեր չկան ե՛ւ տնտեսական, ե՛ւ մարդկային առումով։
«Վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերով՝ Հայաստանի Հանրապետությունում մշակվում է 949 հա սխտոր, հեկտարից միջին բերքատվությունը նշված է 91 ցենտներ, այսինքն 9 տոննա։ Այս թիվը, երբ բազմապատկում ենք շուկայի պահանջարկի հետ, ոսկու գին է։ Ինչո՞ւ քաղաքականություն չեք մշակում սխտորի վերամշակման եւ դրսից ներկրում եք սխտորի փոշի, Չինաստանից եւ Պարսկաստանից բերում եք սխտոր, տեղականը զարգացրեք, առավել եւս նախալեռնային եւ բարձր լեռնային գոտիներում, որտեղ սխտորի մշակությունը անհրաժեշտություն է ե՛ւ եկամտի, ե՛ւ պակաս ռիսկայնության տեսանկյունից, պահանջարկն էլ շուկայում կա։
Վերլուծե՞լ են կտավատի եկամտաբերությունը․ 100կգ կտավատի սերմից դուրս է գալիս 38-40լ ձեթ, շուկայում 1լ կտավատի ձեթի արժեքն ինչքա՞ն է, 4000-5000 դրամ։ Ինչն ենք ինչի հետ համեմատում, կանեփը փրկելու է Հայաստանի տնտեսությունը․ ձեռք ե՞ք առնում։ Լոլիկի մշակությունը տեսեք, թե ինչ խայտառակ հեկտարների է հասել՝ մոտ 4700, այն էլ ԱՎԾ-ի թվերով, բերքատվությունն էլ մոտեցնում են 38 տոննայի արդեն, խրախուսե՛ք լոլիկի մշակությունը, տոմատի խնդիր կա։ Ամոթ է՝ մենք ժամանակին տոմատ արտահանել ենք, հիմա ներկրում ենք, լցնում են բանկաների մեջ, հանում սուպերմարկետներ, գիտեն, թե հայկական տոմատ է։
Մի ասեք, որ դուք Հանրապետություն բերում եք մի մշակաբույս, որը տնտեսությունը պիտի փրկի, առավել եւս կանեփը ջերմության նկատմամբ շատ պահանջկոտ է, այսինքն՝ մշակելու եք Արարատյան հարթավայրո՞ւմ, որտեղ խաղող եւ ծիրան են մշակում, դա էլ կտրելու եք, կանեփ ցանե՞ք, ջերմոցներո՞ւմ եք ցանելու, որ ի՞նչ անեք»,– ասաց նա։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը հորդորում է պատկան մարմիններին, հատկապես անվտանգության կառույցներին, որպեսզի մանրամասն վերլուծեն այս ծրագրի ակունքները։
«Երբ որոշման մեջ նշում են, որ կանեփը ջերմոցներում են աճեցնելու, պատկերացնո՞ւմ են կանեփի բարձրությունը, կամ կանեփի արմատը գիտե՞ն որքան խորության վրա է հողից սնունդ վերցնելու, հետո այդ հողի վրա ի՞նչ ցանքաշրջանառություն են անցկացնելու, որ մեր երկրին այդքան անհրաժեշտ մենք բաներ ունենք։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս ամենը հախուռն է, չկա վերլուծություն, չկա մեկը, որ ձեռքը խփի սեղանին, նույնիսկ աշխատանքից դուրս գալու աստիճան ասի՝ վնասում եք, մի արեք...Ինչո՞վ ենք երաշխավորված, որ արտադրական, տնտեսական կանեփը չի փոխարինվելու «ժպիտ» պատճառող կանեփով»,– ասաց Աշոտ Հարությունյանը։
Նշենք, որ նախօրեին Կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական մի փաթեթի, որը թույլ է տալիս ՀՀ-ում արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու վաճառքը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի գյուղատնտեսական հողերի շուրջ 1/3-ը գտնվում է անմշակ վիճակում, եւ Հայաստանում թույլատրելով կանեփի արտադրությունը միաժամանակ փորձ է արվում զարկ տալ գյուղատնտեսության զարգացմանը։











