Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը Երեւանի կենտրոնով մայիսմեկյան ավանդական երթ է անցկացրել: ՀԿԿ ակտիվիստները հավաքվել են Սարյանի պուրակի մոտ եւ կարմիր դրոշներով անցել Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով: Կոմունիստներն իրենց միջոցառումը անցկացրել են Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ: Ակցիայի մասնակիցներից մեկի մոտ եղել է «Չենք վստահում իշխանությանը» գրությամբ պաստառ:

ՀԿԿ Կենտկոմի Առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց,որ վերջին 30 տարում, այդ թվում նաեւ թավշյա հեղափոխությունից հետ, միանշանակ ցուցադրվել են սոցիալիստական համակարգի բոլոր դրական կողմերը: Եվ այն, նրա խոսքով, կարող է Հայաստանը դուրս բերել աղետալի դրությունից:

Պատասխանելով պատերազմում պարտության մասին հարցին՝ նա նշեց, որ իշխանության քաղաքականությունն է հանգեցրել պատերազմի աղետալի հետեւանքների:

Նա հիշեցրեց, որ կուսակցությունը մի քանի անգամ պահանջել է Փաշինյանի հրաժարականը: Ղազարյանը նաեւ նշեց, որ ՀԿԿ-ն քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը, երբ օրը պաշտոնապես նշանակվի: