Բարեգործական հերթական ակցիայի մեկնարկն է տվել «Արաքս» թռչնաֆաբրիկան։ Տեղական շուկայում երկարամյա գործունեություն ծավալող ձեռնարկության տնօրինության ուշադրության կենտրոնում այս անգամ Արցախյան վերջին պատերազմում զոհված ու վիրավոր զինծառայողների, ինչպես նաև սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ընտանիքներն են։ Արմավիրի, Արարատի ու Արագածոտնի մարզերի հարյուրավոր ընտանիքներ ավելի քան 60 000 հատ 1 օրական ճտեր են ստացել։
«Ակցիան մեկնարկել է մեկ ամիս առաջ՝ «Իքս Գրուպ Հոլդինգի» նախագահ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ։ Այսպիսի նախաձեռնությունները պարբերական բնույթ են կրելու»,- նշում է «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Մուշեղ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ բարեգործության շրջանակում ճուտ արդեն ստացել են Սյունիքի մարզի շահառուները, առաջիկայում էլ նախատեսում են նաև Արցախում նման ակցիա իրականացնել։
ՀՀ մարզերում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով նմանատիպ միջոցառումներն, ըստ թռչնաֆաբրիկայի ինկուբացիոն արտադրամասի պետ Արամ Մաթևոսյանի, կարող են որոշակիորեն թեթևացնել մարդկանց սոցիալական հոգսերը։ Ավելին, ընկերությունը ճուտիկների հետ տրամադրում է նաև տեղեկատու թերթիկներ, ուղեցույց՝ ինչպես կերակրել ու պահել նրանց, կազմակերպել սեփական փոքր արտադրությունը։ «Նպատակ ունենք աջակցել մեր համաքաղաքացիներին, գյուղացիներին, հատկապես անապահով և զոհված զինվորների ընտանիքներին։ Ունենք մարզերում այդպիսի ընտանիքների վիճակագրությունն ու տվյալները, համայնքների հետ կապ ենք պահում, բաշխումը կազմակերպում ենք ըստ համայնքների»,- նշում է նա ու վստահեցնում՝ թռչնաֆաբրիկայի ճտերը բարձր որակի են։
Համայնքապետարաններից մեկի աշխատակից Սարգիս Ղազարյանն էլ, որ օգնում է ֆաբրիկային բաշխումը կազմակերպելու գործում, փաստում է․ «Ներկայիս պայմաններում այդ ընտանիքներին օգնելը մեծ բան է։ Նրանք հետագայում կարող են իրենց փոքր թռչնանոցը ստեղծել։ Շնորհակալ ենք, որ այսպիսի ընկերություններ կան ու ժողովրդի կողքին են։ Արցախից էլ են զանգում ու շնորհակալություն հայտնում այս նեղ օրերին իրենց կողքին կանգնելու համար»։











