Գյուղատնտեսության ոլորտի խորհրդատուների կրճատումն ուղիղ հարված է մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանը։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության փորձագետ Վարդան Ալեքսանյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարի որոշմամբ գյուղատնտեսական խորհրդտվության նորարարությունների և մոնիթորինգի վարչության շուրջ 7 տասնյակ աշխատակիցների օպտիմալացմանը։

«Մի կողմից խոսում են գյուղատնտեսության ոլորտում կտրուկ աճ ապահովելու մասին, մյուս կողմից հստակ արգելքներ դնում ոլորտի զարգացման համար՝ հաստիքներ կրճատելով փոքրացնում խորհրդատուների ինստիտուտի դերը»,–ասաց նա։

Ըստ փորձագետի՝ ֆանտաստիկայի ժանրից է նախարարի այն կանխատեսումը, թե գյուղոլորտում կտրուկ աճ է սպասվում։

«Քերոբյանի հայտարարությունը  որևէ իրատեսական հիմք չունի։ Հունվար–մարտ ամիսների տվյալներով գյուղատնտեսության համախառն արտադրանքի գծով առկա է 1 տոկոս անկում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ արդյունաբերական արտադրանքի մասով անկումը 3,9 տոկոս է. մյուս բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները, օրեցօր խորացող գնաճը վկայում են բոլորովին այլ զարգացումների և սպասումների մասին։ Եթե պաշտոնական վիճակագրության մակարդակով թվերը խոսում են անկման մասին, ի՞նչ կտրուկ աճի մասին կարող է խոսք լինել»,–ասաց նա։

Գյուղոլորտում առկա խնդիրների, թուրքական ապրանքների վաճառքի արգելքի, հացահատիկի ցանքատարածությունների կրճատման և ոլորտին վերաբերող այլ հարցերի շուրջ Վարդան Ալեքսանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ NEWS.am–ի տեսանյութում։