Հյուրանոցներն ու ռեստորանները, որոնց անձնակազմը պատվաստվելու է, հատուկ պետական տարբերանշաններ կստանան: Այս մասին մայիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստին ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ 2021 թվականի երկրորդ կեսից աշխարհի շատ երկրներ կարող են պարզապես արգելել մուտքն այն քաղաքացիներին, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չեն ստացել: «Ամենայն հավանականությամբ, նման որոշումները կսկսեն կյանքի կոչվել տարվա կեսին, քանի որ մինչ այդ ժամանակը պատվաստանյութերն ավելի մատչելի կլինեն, եւ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պատվաստվել, կկարողանան պատվաստվել: Հայաստանը պետք է հնարավորինս շատ քաղաքացիների պատվաստի, եթե ցանկանում է գրավիչ ու անվտանգ լինել զբոսաշրջիկների համար: Մենք քննարկել ենք տարբերակիչ նշան տրամադրելու հնարավորությունը, որ հյուրանոցները, ռեստորաններ եւ խանութներ կկարողանան ցուցադրել, եթե, ասենք, իրենց աշխատողների 70 տոկոսից ավելին պատվաստվի: Զբոսաշրջիկի եւ տեղացի բնակչի համար դա կնշանակի, որ համեմատաբար կամ լիովին անվտանգ է օգտվել նրանց ծառայություններից»,- նշեց Փաշինյանը:
Նա կրկին հորդորեց քաղաքացիներին չտրվել պատվաստանյութերի վերաբերյալ շահարկումներին, որոնք, իբր, նախատեսված են մարդկանց զանգվածային ոչնչացման համար:











