Հայաստանում կային կայացած շատ ինստիտուտներ. պայմանական ասած, եթե 5 լավ բան կար Հայաստանում եւ 100 վատ բան, այդ 5 լավ բանը քանդվել է, իսկ այդ 100 վատ բանը մնացել ու ավելացել է: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Եթե առաջ կային իշխանության օլիգարխներ, հիմա կոչվեցին սեփականատերեր, եթե այն ժամանակ կային ֆեյքերի ֆաբրիկաներ, հիմա դրանք անցան իշխանությանը: Այսինքն այս իշխանությունը հեղափոխությունից հետո չի փոխել համակարգը: Հիվանդ քաղաքական համակարգը նույնն է մնացել: Կար լավ բան՝ գյուղատնտեսության նախարարությունը, որը լուծարեցին: Այդպես նաեւ Մշակույթի նախարարությունը, Սփյուռքի նախարարությունը: Վատ էին աշխատել, կարելի էր լավ աշխատել, ոչ թե լուծարել»,-ասաց նա:
Մարուքյանը խոստովանեց, որ այս իշխանության օրոք դրական բաներ էլ են եղել. «Բնականաբար դրական բաներ էլ կան, կոռուպցիան կենցաղային մակարդակում բավականին նվազել է: Դրական է այն, որ չի եղել ընտրություն, որտեղ փող են բաժանել: Հիմա եթե այս ընտրություններում բաժանեցին, դա էլ է լինելու հետընթաց»:
Անդրադառնալով իշխող ուժի «Ապագա կա» կարգախոսին, նա ասաց. «Երեք տարի այնպես են կառավարել երկիրը, որ հարց է առաջացել, պետք է մարդուն համոզես, որ ապագա կա, որ ինքը հավատա: Այս իշխանությունը դրանով ամփոփում է իր գործունեության շրջանը, ինքը ոնց է աշխատել, որ ապագա ունենալը դարձել է հարցական»:
ԼՀԿ ղեկավարը նաեւ տեսակետ հայտնեց, որ ընտրություններին ցածր մասնակցությունը ձեռնտու է մի ուժի՝ իշխանությանը. «Չգնալ ընտրության հավասար է այս իշխանությանն ընտրելու: Ով պետք է ընտրի իշխանությանը, կարող է չգնալ ընտրությունների, դա հավասար նույնն բանն է»:











