Այսօր բազմաթիվ անձանց նկատմամբ իրականացվում է ապօրինի քաղաքական հետապնդում եւ սա այդ դեպքերից է: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ՀՀ Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արծվիկ Մինասյանը:

«Չի բացառվում, որ առաջիկա օրերին էլի ունենանք իրավապահ մարմիններ հրավիրվող անձինք, որոնք նույնես մեծ հաշվով հայտնվել են քաղաքական կալածյալի կարգավիճակում: Արդեն հայտարարել ենք, որ սա քաղաքական հետապնդում է, որ չկա որեւէ իրավաբանություն այստեղ: Այս ծաղրելու գործընթացը, որ իրականացվում է հայոց պետականության նկատմամբ, շատ ավելի տխուր հետեւանքներ է ունենալու:

Իսկ դրա թիվ մեկ պատասխանատուն գլխավոր հանցագործն է, որ այսօր ԱԺ-ում ցույց տվեց, որ բացարձակ կապ չունի մեր պետության ու պետականության հետ: Նա անընդհատ մեր երկիրը տանում է հայրենքը պարտության»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով, այս ձեւերով փորձում են ՀՅԴ-ի ակտիվ հատվածին ամեն գնով ներքաշել արհեստականորեն ստեղծված այս քրեական գործի մեջ. «Այս մեղադրանքները մեզ վրա ազդեցություն չեն կարող ունենալ: Այո, կարող են որոշակի ժամանակ խլել մեզնից, բայց ոչ պայքարի թափն է դրանից նվազելու, ոչ վճռականությունը, ոչ էլ այն մեթոդները, որոնք մենք գործադրում ենք: Այնպես որ անիմաստ գործով են զբաղված քննչական մարմինները»:

Հարցին, թե ինչո՞ւ է թիրախում հայտնվել ՀՅԴ-ն, նա պատասխանեց. «Ինչու Դաշնակցությունը, որովհետեւ ՀՅԴ-ն պայքարող հիմնական առանցքներից է: Սրանով նաեւ փորձ են անում շեղել մեր պայքարը, մանավանդ սպասվող գործընթացների մասով: Եվ վերջապես ուղերձ  հղել հասարակության այն հատվածներին, որոնք տեսնում են նաեւ ՀՅԴ-ի միջոցով հայրենիքի փրկության հնարավորությունը, մղել այլ դաշտ, այն է՝ հույսներդ մի կապեք այս ուժի հետ: Սա շատ պրիմիտիվ մոտեցում է, որն ապագա չունի: Բոլոր այն քննիչները, որոնք գիտակցում են այս ամենը եւ չեն կանգնում հայրենիքի փրկության շարքերում, բոլորը դատվելու են: Ես դա երաշխավորում եմ»:

Արծվիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի ապագան ազգային ուժերով ձեւավորված իշխանությունն է, ամուր, պինդ, փորձառու եւ հայրենիքը սրող վարչապետի առկայության պայմաններում երկիրն առաջ տանելու հնարավորությունն է. «Այդ ապագայի մեջ Նիկոլ Փաշինյանն ու նրա հանցավոր բանդան տեղ չունեն: Դուք ներկան ավերել եք, ի՞նչ ապագայի մասին եք խոսում: Նիկոլի հետ ապագան դժոխքն է, այդ ապագան հայ ժողովրդի, հայոց պետականության ոչնչացումն է»,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը: