ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանին։

Նա ասաց, որ իր նկատմամբ խափանման միջոց են ընտրել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

«Չեմ ուզում մեկնաբանել այս կլոունադան, որովհետեւ բացարձակապես հիմք չունեցող մեղադրանքներ են։ Զուտ ողջույնի հետ կապված է, նորից ողջունում եմ, կրկնում եմ իմ ողջույնը։ Հիմա ամբողջ ազգին իրենք պարտավորվում են այստեղ բերել։ Ես համոզվեցի, որ մեր պայքարն ավելի պետք է խստացնենք, որպեսզի օգնենք այս շենքերում նստած մարդկանց՝ ազատվել այս ապօրինի հրամաններից։ Այս մարդիկ պատրաստվում են մի քանի տասնյակ մարդկանց նկատմամբ քրեական գործ կարել, «ողջույն» բառի համար։ Ազգային ժողովում խուլիգանները բերանները մինչեւ ականջները բացել էին, ազգի համար պայքարող մարդկանց խուլիգանության հոդվածներով փորձում են դատել»,- ասաց նա։

Նշենք, որ Քննչական կոմիտե հարցաքննության է կանչվել նաեւ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։