Ես բորբոքվել էի Տարոն Սիմոնյանի արած հայտարարությունների վրա, երբ կանգնում, ասում է՝ վերջապես հայանպաստ բաներ եք խոսում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի այսօրվա ելույթին։
Հարցին՝ գուցե իմքայլականների՝ նախկինում հնչեցրած Շուշին Շուշա անվանելու մասին հայտարարություններն են պատճառը, որ պատգամավորը նման արտահայտություն է արել, Հակոբյանը նշեց, որ ինքն արդեն պատասխանեց հարցին։
«Թող երրորդ ճանապարհ գտնողները գտնեն այդ երրորդ ճանապարհը և իրենց նախընտրական, պոպուլիստական հայտարարությունները ԱԺ թիվ մեկ ամբիոնից չհնչեցնեն»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ արձագանքելով իմքայլականների ելույթներին, ովքեր դատապարտել էին Արցախում, մասնավորապես՝ Շուշիում ադրբեջանական վանդալիզմը, ամբիոնից հայտարարել էր. «Ես չէի կարող ուրախությամբ չարձագաքնել նրան, որ իմ գործընկերներն ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության»:
ԼՀԿ-ական պատգամավորի խոսքերին արձագանքելն էր նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հայտարարելով, որ հնչեցված արտահայտությունը վիրավորական է բոլորի համար՝ հավելելով, որ թող հայամետ քաղաքականության վերադառնան նրանք, ովքեր հեռացել են դրանից: Իսկ «Իմ քայլից» Հրաչյա Հակոբյանն էլ իր ելույթում դիմելով Տարոն Սիմոնյանին, ասել էր. « Հավաքեք ձեզ, հաշիվ տալի՞ս եք ձեզ, թե որտեղ եք խոսում եւ ինչ եք խոսում»:











