Դուք նշեցիք, որ ԵՊՀ-ում կա կառավարման ճգնաժամ եւ դրա հիմքերը կապեցիք միայն համալսարանականների հետ, իսկ ես կարծում եմ, որ այդ ճգնաժամը ստեղծվել է իշխանությունների կողմից, մասնավորապես ձեւավորված անվստահության արդյունքում, երբ բուհի կողմից ձեւավորվել էր անվստահության կառավարության հանդեպ: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, ԵՊՀ գիտխորհրդի հետ հանդիպման ժամանակ դիմելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

«Դա դրսեւորվել է այն ժամանակ, երբ ձեր նախորդը ստեց ԵՊՀ 100-ամյակի հանձնաժողովի մասով եւ ԵՊՀ-ի 100-ամակը կարելի է համարել ձախողված: Այն ժամանակ, երբ ռեկտորի ընտրություն հայտարարվեց, դիմումներն ընդունվեցին, իսկ ձեր իշխանության ներկայացուցիչներն արհեստական կերպով չեղարկեցին նիստը՝ հիմնավորելով կորոնավիրուսով: Այդ ձգձգելու պատճառով խորհուրդը չձեւավորվեց: Եթե ըստ կարգի պետք է մեկ ամիս հետո ձերավորվեր, ձեւավորվեց 3-4 ամիս անց:

Եթե դուք կողմ եք, որ հոգաբարձուների խորհրդում համալսարանից ներկայացուցիչ չլինի, ինչո՞ւ եք նախորդ անգամ դուք ինքներդ համալսարանի կողմից ներգրավված եղել:  Եթե խոսում եք բարիկադի մասին, ապա այն ստեղծվել է ձեր իշխանության թիմի ժամանակ, որովհետեւ նախկինում լիազոր մարմնի ներկայացուցիչներից 5-ը համալսարանականներ էին, ոչ թե ամբողջությամբ կառավարության եւ իշխանության ներկայացուցիչներ»,-ասաց նա:

Ափոյանը հավելեց. «Դուք այս հաստիքը զբաղեցնում եք շնորհիվ մի իշխանական թիմի, որը եկավ խոստում տալով, որ ռեկտորները պետք է ընտրվեն 100 տոկոսով ուսանողների ու դասախոսների համակազմի կողմից: Հիմա տեսնում ենք բոլորովին այլ պատկեր: Դուք այս ամենը քննարկե՞լ եք ձեր ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ եւ ինչ արձագանք է նա տվել այս ամենին: Ինձ համար պարզ է, որ դուք որոշում կայացնողների խմբի մեջ չեք եղել եւ եթե հետագայում առիթ լինի, որ դուք ներկա գտնվեք այդ որոշում կայացնողների հետ նույն ժողովում, փոխանցեք, որ ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի»:

Ի պատասխան նախարար Վահրամ Դումանյանն ասաց. «Խնդրում եմ կոռեկտ արտահայտվեք: Որ ասում եք՝ ինչու էի հոգաբարձուների խորհրդի անդամ: Եթե չգիտեք, չեք էլ իմանա: Եկել հարց եմ բարձրացրել այստեղ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալու վերաբերյալ: Այո, հետաքրքիր էր գալ երկրի նախագահի հետ տարբեր թեմաներից խոսել: Դուք էլ էիք հաճույքով գալիս: Գովում էինք նույնիսկ արտաքին քաղաքականությունը: Ձեր խոսքը հարց չէր, ելույթ էր եւ ես չեմ պատրաստվում ձեր ասածը փոխանցել վարչապետին: Ես այստեղ ավելի սուր հարցեր եմ բարձրացրել, քան դուք, բայց ունենալով խորին հարգանք եւ անձի, եւ պաշտոնի նկատմամբ: Եթե մի բան դուրներդ չի գալիս, գիտենք դա: Բայց քննադատությունն էլ մշակույթ է, չի կարելի փողոցի մակարդակով արդեն հայհոյանքներ»:

Նախարարի խոսքի ընթացքում ներկաներից մի քանիսը միաժամանակ սկսեցին հակադարձել, ինչին Դումանյանն արձագանքեց. «Տեսնո՞ւմ եք ինչ է կատարվում, երեք հոգի միաժամանակ խոսում են: Ես էլ ձեզ կարող եմ այնպիսի հարց տալ, որ դուք ձեզ շատ վատ զգաք, բայց չեմ տալիս: Սա էն տեղը չի:

Անընդհատ շեշտում եք՝ ձեր իշխանություն: Ի՞նչ է նշանակում ձեր իշխանություն, կամ երբ էր ձերը, որ հիմա դարձավ մերը: Ինչ-որ ենթադրություն արեցիք, որ այդ որոշման հետ ես առնչություն չունեմ, պարտադրված եմ: Դուք սխալ եք կարծում: Ես ունեմ իմ անմիջական մասնակցությունը, դա իմ գաղափարն է»: