Երեկ, երբ Ռուսաստանի ԱԳ նախարարը նշեց, որ փաստաթուղթ են շրջանառել, դրան ի պատասխան մենք հայտարարել ենք, որ այո, այդպիսի փաստաթուղթ ստացել ենք, բայց դա քննարկելու համար կա մի կարեւոր նախապայման, որ Ադրբեջանի զինված ուժերը լքեն ՀՀ սուվերեն տարածքը: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Դեեռեւս այս հարցի քննարկման ԱԽ առաջին նիստում ունեցել ենք կարեւոր ռազմավարական որոշում, որ պետք է մենք մաքսիմալ բոլոր գործողությունները հրապարակային կատարենք: Մենք ամբողջովին մեր գործողությունների տրամաբանությունը պահել ենք այդ ռազմավարության շրջանակներում: Մաքսիմում հրապարակային ենք աշխատել: Այս փաստաթղթի մասին մենք երեկ խոսել ենք: Ասել ենք, որ այդպիսի փաստաթութ կա: Մենք դեռ այս փաստաթղթի շուջ քննարկումներ չենք սկսել, որովհետեւ մինչեւ քննարկումներ սկսելը շատ կարեւոր է, որ Ադրբեջանի զինված ուժերը լքեն ՀՀ սուվերեն տարածքը: Դա է պատճառը, որ ավելի կոնկրետ հաղորդակցություն հանրության հետ չի եղել:
Երբ այս գործընթացն սկսել է, մենք որոշակի չափով խնդիրը տեղայնացրել ենք, սկսել ենք միջազգային կարեւոր գործընթաց, որի արդյունքում հստակ միջազգային կոնսենսուս է ձեւավորվել՝ Հնդկաստանից մինչեւ ԱՄՆ, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը պետք է լքեն ՀՀ տարածքը»,-ասաց ԱԽ քարտուղարը:
Նա հավելեց, որ հասկանում են, որ որոշ շրջանակների դուր չի գալիս այս հաջողությունը. «Մարդիկ երեւի ցայտնոտի մեջ են ընկնում, որ մենք հնարավորություն ունենք դիվանագիտական ճանապարհով այս խնդիրը լուծենք: Մենք նաեւ հայտարարչել ենք, որ այս գործողությունները նպատակ են ունեցել սպառնալիք ստեղծել ՀՀ-ում սպասվող ընտրություններին: Ինչքան հնարավորությունն ավելի մեծանում խաղաղ լուծման, այնքան ավելի շատ փորձեր են արվում տորպեդահարելու այդ գործընթացը:
Բայց եթե չկարողանանք դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը, ապա ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում գործարկել այլ մեխանիզմներ, որ կարողանանք կարգավորել այս խնդիրը: Միանշանակ է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է լքի ՀՀ սուվերեն տարածքը»,-ընդգծեց ԱՐմեն Գրիգորյանը:
Նա կոչ արեց հանրությանը որոշակի համբերություն ցուցաբերել, որ կարողանան հանգիստ աշխատել եւ կարգավորել խնդիրը: «Միանշանակ է, որ խնդրի կարգավորման համար բոլորիս անհրաժեշտ է համբերություն, խոհեմություն եւ ողջախոհություն: Բոլորին հայտնի է ՀՀ դիրքորոշումը: Մենք հրապարակային հայտնել ենք մեր դիրքորոշումները եւ կարծում եմ՝ լայն հաշվով որեւէ հարց չկա: մեր հաջողությունների մի մասը հրապարակային աշխատանքի արդյունք է»,-ասաց նա:











