Այս տարիներին հաջողվեց հովանավորչությունը դադարեցնել, բայց մոնոպոլիաները դեռեւս մնում են, գերիշխող դիրք ունեցող կառույցներ դեռեւս կան, պետք է պայքարել, որ նրանք չունենան  այդ գերիշխող դիրքը: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, «ՔՊ»-ի ընտրական ցուցակում ընդգրկված Սերգեյ Բագրատյանը:

Նա կարծիք հայտնեց, որ բավարար կամք չի դրսեւորվում այդ հարցը լուծելու համար. «Ես միշտ ասել եմ, որ պետք է վերցնել միջազգային փորձը, «Մայքրոսոֆթ» ընկերությունը քառատեցին, որ մոնոպոլ դիրք չունենա: Պետք է լինի օրենքի դիկտատուրա: Իշխանությունը կարծիք ունի, որ եթե չհովանավորի, արագ կտարալուծվի մոնոպոլիան, կտարալուծվի բազմաթիվ մասերի, բայց ցավոք սրտի, այս մոնոպոլիստները հսկայական կապիտալ ունեն, կարողանում են պահել: Մենք պետք է գործիքակազմ կիրառենք, պետք է արագացնենք ընթացքը այդ գործիքակազմով: Օրինակ թույլ չտրվի որ 30 տոկոսից ավելի որեւէ ընկերություն ներկրում կատարի որեւէ ապրանքախմբով»,-ասաց պատգամավորը: