Այս տարվա առաջին 5 ամիսներին հարկային եկամուտները փաստացի կազմել են 618,4 մլրդ դրամ: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Տնտեսվարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձված գումարը կազմել է 68,6 մլրդ դրամ: Դրանք ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ հիպոտեքային վարկերի սպասարկման տոկոսների վերադարձված գումարներն են: 618,4 մլրդ դրամը 34,8 մլրդ դրամով ավել 2020-ի ցուցանիշից եւ 47,2 մլրդ դրամով ավել է 2019-ի համադրելի ցուցանիշից:
Վացի այդ, 2020-ին և 2019-ին ավելի քիչ գումար է վերադարձվել, քան 2021-ին, մասնավորապես 2020-ի 5 ամիսների ընթացքում վերադարձվել է 52.8 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 43.4 մլրդ դրամ»,–ասաց նա։
ՊԵԿ նախագահը նկատեց, որ տնտեսության որոշակի աշխուժացումը, իրականացվող վարչարարությունը, նաեւ մեր տնտեսվարողների՝ իրավիճակը ճիշտ գնահատելու արդյունքում բարձրացել է հարկային կամավոր կարգապահությունը:
«Բիզնեսները նորից վերսկսվել են, ունենք դեռևս որոշակի ոլորտներ, որոնք համավարակի ազդեցությամբ դեռևս չեն վերականգնվել, դա զբոսաշրջությունն է և դրա հետ կապված մյուս ծառայությունները»,–ասաց նա։











