Աբովյանի դիահերձարանից արյունը սառեցնող լուսանկարներն ու տեսանյութերը Հայաստանում կառավարող իշխանության դեմքն են: Այս մասին հունիսի 2-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Արդեն մի քանի օր է հայ հասարակությունը ցնցված է Աբովյանի դիահերձարանի լուսանկարներից եւ տեսանյութերից, որոնք տարածվել են ԶԼՄ-ներում եւ համացանցում` պատկերելով այն սարսափելի պայմանները, որոնցում պահվում են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունները: Պլաստիկ տոպրակների մեջ փաթեթավորված մնացորդները լցրած են հատակին, ինչպես վկայում են նյութերի հեղինակները, մարմինները պահվել են մոտ +26C ջերմաստիճանում:
«Իշխանությունները պետք է պատասխան տան: Դա տեղի է ունեցել կառավարության անմիջական իմացությամբ: Սրան ներում չկա, եւ նրանք դատարկ խոսքերով չեն պրծնի: Սա իշխանության դեմքն է: Իշխանության հանցակիցները կամ հավանական ընտրողները պետք է հասկանան, թե ում են ձայն տալիս, ով է իշխանության ղեկին»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:











