«Հայաստան» դաշինքի ղեկավարը շատ մեծ դերակատարում ունի մեր Վանաձորի վերակառուցման համար: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասել է Վանաձորի նախկի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
«Նա Վանաձորում 1750 ընտանիքի բնակարան է տվել: Նա Վանաձորում 31 դպրոց վերանորոգել է, ամրացրել, 3-ն էլ լրիվ նոր է կառուցել, նաեւ սպորտդպրոցներն է վերանորոգել, եւ ինձ թվում է, որ վանաձորցիները շատ երախտապարտ են: Ինձ թվում է, որ բոլոր վանաձորցիները պետք է հասկանան, թե ով է այս երկրին տեր եղել, զարգացրել երկրաշարժից եւ պատերազմից հետո շրջափակման մեջ գտնվող մութ, խոնավ երկիրը ով դարձրեց զարգացող երկիր: Ով մեր հանրապետական բյուջեն 288 միլիոնից դարձրեց մոտ 3 միլիարդ դոլար, ով իր պաշտոնավարման տարիներին մինիմալ աշխատավարձը 10 անգամ բարձրացրեց` 5000-ից դարձնելով 55000 դրամ»,-ասաց նա:
Դարբինյանը նշեց, որ Քոչարյանը մեր երկիրը ամբողջությամբ վերակառուցել է, իսկ այս ապիկար իշխանությունները հանձնել են Արցախի 75 տոկոսը, 5000 զոհ են տվել եւ 10000-ից ավելի վիրավոր:
«Ես կուզեի, որ մեր ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի, մենք մեր ապագան պետք է կապենք միմիայն Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետեւ նա կարող է մեր երկիրը տանել դեպի զարգացում եւ պայծառ ապագա»,-ասաց նա:











