Բերքից հետո դաշտերն այրելու հետեւանքով տուժում է կենդանական ու բուսական աշխարհը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միություն» ՀԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը։

«Կենդանական ու բուսական աշխարհի նկատմամբ բարբարոսություն է իրականացվում։ Այրում են խոզանները, արդյունքում վառվում է բուսականությունը, կենդանական աշխարհը, լորեր, լորի ձվեր, ձագեր»,- ասաց ՀԿ նախագահը։

Խաչատրյանը նշեց, որ այդպիսի դեպքերն օրենքով տուգանվում են. «Ապօրինաբար ձվերը ոչնչացնելը, բները վառելը կամ վնասելն իրենից վարչական տուգանք է ենթադրում։ Կենդանական ու բուսական աշխարհը վնասում են, հողի շերտն այրում են»։

Նա ասաց, որ այդպիսի դեպքերի հաճախ է հանդիպում Արմավիրի մարզում. «էջմիածնից դեպի Արմավիր քաոս է տիրում։ Այս պահին էլ այդ հատվածում հրդեհ է։ Շրջակա միջավայրի նախարարությունն այդ հարցով դիմել է Ոստիկանություն ու Արտակարգ իրավիճակների նախարարություն»։