Իշխանությունները ի դեմս Նիկոլ Փաշինյանի կարողացան կազմակերպել դասակարգային քվեարկություն: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

Նա անդրադարձավ նրան, թե ինչու պարտվեց ընդդիմությունը եւ հաղթեց Նիկոլ Փաշինյանը. «Այսօր հասարակության ամենամեծ խավերը աղքատ են, խոցելի են: Ու այդ պայմաններում դու տեխնոլոգիաների առումով դու ֆոտոշարք ես նկարում քո թիմակիցների, ցույց ես տալիս նրանց սպիտակ վերնաշապիկներով, երջանիկ, հարուստ, կայացած, ինքնավստահ: Իսկ Նիկոլ Փաշինյանը կարողացավ դրան հակադրել բնակչության ահռելի տոկոսին: Երբ դու ունես 70-80 տոկոս աղքատ հասարակություն, նրանց ցուցադրել նման ֆոտոշարք, դա տեխնոլոգիայի առումով սխալ է: Դու դրանով օգնում ես Նիկոլ Փաշինյանին»,-ասաց վերլուծաբանը:

«Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ «կոնսենսուս մինուս մեկ», բայց վերջնարդյունքում իշխանությունները այդ խմբերի միջոցով կարողացան այնպես խաղալ, որ մինուս մեկում հայտնվեց ինքը:

Ճիշտ տեխնոլոգիաների դեպքում, մանավանդ եթե դու ունես ֆինանսական ռեսուրսներ, մեդիա ռեսուրսներ, դու կարող ես հաղթել: Այստեղ ոչ թե հաղթեց Նիկոլ Փաշինյանը, այլ պարտվեց ընդդիմությունը»,-ասաց նա: