Թուրքիան ուզում է ամեն կերպ կլանել ադրբեջանական բանակը, դարձնել իր ստորաբաժանումներից մեկը: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, մամուլի ասոիլիսի ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Այդ թուրք-ադրբեջանական զորավարժություններում տեղի է ունենում ադրբեջանական բանակի կլանում: Որպեսզի Թուրքիայի գլխավոր շտաբը կարողանա այդ բանակը հեշտությամբ կառավարել: Իսկ Ադրբեջանն էլ իր հերթին փորձում է Անդրկովկասում ստեղծել ամենամարտունակ բանակը, եւ այսօր այդպես էլ կա:
Ադրբեջանը դարձել է Անդրկովկասի հեգեմոնը եւ իր բանակով, եւ տնտեսությամբ, եւ իր ամբիցիաները աճում են: Այսօր Ադրբեջանը մի քանի տարածաշրջաններում փորձում է վարել ագրեսիվ քաղաքականություն: Այսինքն դեռ չի հանդգնում ավելիին, բայց Ադրբեջանն ունի բնակչություն Դաղստանում, Վրաստանում, մոտավորապես 400 հազար բնակչություն, ինքը ունի ահռելի մեծ բնակչություն Իրանի հյուսիսում: Խոսքը 20-25 մլն-ի մասին է»,-ասաց նա:
Վերլուծաբանը նկատեց, որ Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը դեռ շատ են փոշմանելու, որ իրենք թույլ տվեցին, որ հայերը պարտվեն այս պատերազմում. «Որովհետեւ հայերի պարտությունը բերել է եւ թյուրքական ժողովուրդների մի այլ կարգի ոգեւորության: Այդ ոգեւորության թիրախը միայն հայերը չեն, կարող են թիրախը լինել Իրանը, Ռուսաստանը: Այս ամենը բերել է թյուրաքական ժողովուրդների ռազմատենչության վերելքի եւ նրանք չեն ուզում կանգնել»,-ասաց նա:











