Սոչիով հոսող գրեթե բոլոր գետերը վատ եղանակի պատճառով դուրս են եկել ափերից: Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մենք տեսնում ենք, որ ոչ թե որոշ գետեր են դուրս եկել ափերից, այլ՝ գրեթե բոլոր գետերը, որոնք հոսում են Սոչիով: Դրանք Ադլերի եւ Խոստայի շրջաններում են: Մացեստա, Խոստա, Կուդեպստա, Խորոտա, Պսոու, Մզիմտա գերերը: Բոլոր գետերը դուրս են եկել ափերից»,- ասել է Կոնդրատեւը:

Նա նշել է, որ Սոչիի Խոստայի շրջանում ավելի քան 40 տնային տնտեսություն է հեղեղվել անցած տեղումների պատճառով: Նահանգապետը նշել է նաեւ, որ առաջիկա օրերին քաղաքում կվերականգնեն առողջարանային վնասված ենթակառուցվածքը:

Հուլիսի 4-ից Սոչիում տեղատարափ անձրեւներ եւ ուժեղ քամիներ են դիտարկվում: Ադլերի շրջանում ծառն ընկել է մարդկանց վրա, մեկ մարդ մահացել է, երկուսը վիրավորվել են, ընդհանուր առմամբ քամին տապալել է մի քանի տասնյակ ծառեր, յոթ բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության:

Մեկ օրվա ընթացքում Սոչիում տեղումների ամսական նորմա է տեղացել, մի շարք գետերում ջրի մակարդակը բարձրացել է կրիտիկական մակարդակի, վնասվել է լողափի ենթակառուցվածքը, մի քանի պանսիոնատներ եւ հյուրանոցներ, որոշ փողոցներ հեղեղվել են: Լողափերը փակ են, լողալն արգելվում է, էքսկուրսիաները չեղյալ են հայտարարվել: Բնակիչներին խնդրում են պատրաստել փաստաթղթերն ու առաջին անհրաժեշտության իրերը՝ տարհանման դեպքի համար: