Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ քննարկվելու է այն, ինչն անհրաժեշտ են համարելու ղեկավարները։ Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա պարզաբանել է, որ կքննարկվի իրավիճակը անվտանգության ոլորտում՝ հաշվի առնելով առկա իրավիճակը։ Դեսպանն ավելացրել է, որ տեղի կունենա նաեւ կարծիքների փոխանակում երկկողմ քաղաքական երկխոսության զարգացման դինամիկան պահելու, տնտեսության, հումանիտար ոլորտում հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ «Դա կլինի ժամացույցների ստուգում մեր հարաբերությունների հետագա ակտիվացման, խորացման նպատակով՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որն ստեղծվել է Հայաստանում ընտրություններից հետո։ Կա եւս մի շատ կարեւոր պահ։ Եկող տարի մենք նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրի 25-ամյակը։ Կարծում եմ, որ այս հաշվով ղեկավարները նույնպես կարծիքներ կփոխանակեն, թե ինչպես արժանապատվորեն, հարաբերությունների մակարդակին համապատասխան ոգով նշենք այդ նշանավոր իրադարձությունները»,- ավելացրել է Կոպիրկինը։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում։











