Մեր եզրակացությունն այն է, որ ադրբեջանական կողմը հիմնականում դեպի օդ է կրակել։ Այս մասին «Արցախ» հեռուսատաընկերության պատրաստած ռեպորտաժում նշում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ 

«Կատարված ուսումնասիրությունների արդյունքում որևէ տեղեկություն հավաքագրված չէ տուժածների և վիրավորում ստացած որևէ անձնավորության մասին, արձանագրված չէ նաև նյութական վնասի որևէ դեպք։ Մեր եզրակացությունն այն է, որ ադրբեջանական կողմը հիմնականում դեպի օդ է կրակել»,- ասում է Գեղամ Ստեփանյանը։

Հեռուստաընկերության ռեպորտաժը պատրաստված է Ստեփանակերտի Հայկավան թաղամասում, որտեղ շատ լավ լսվել են նախօրեին հնչած կրակոցները։

«Բնակչության մեջ մի քիչ խուճապ կար, բայց սովորական է մեր համար։ Ոչինչ, մերոնք դիմադրող են»,- նշում են համայնքի բնակիչները։

Ականատեսները լրագրողների հետ զրույցում պատմում են, որ իրենք ոչ միայն լսել են կրակոցները, այլ նաև տեսել են լուսարձակող գնդակները։