ԱՄՆ զինված ուժերին պատկանող Black Hawk ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բուխարեստի փողոցներից մեկում:

Ուղղաթիռը Ռումինիայի ՌՕՈւ օրվան նվիրված միջոցառումների նախօրեին եւ հուլիսի 20-21-ը Աֆղանստանում ռումինական ռազմական ներկայության ավարտին կազմակերպված փորձին էր մասնակցում: Ականատեսների կադրերում երեւում է, որ այն հանկարծ կորցնում է բարձրությունը եւ ցածր բարձրության վրա թռչում է մեքենաների վրայով, այնուհետեւ վայրէջք է կատարում քաղաքի կենտրոնում գտնվող օղակաձեւ շրջադարձի մոտ:

Ուղղաթիռը ազդանշանել է տեխնիկական խնդիրների մասին:

2004 թվականից ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Ռումինիայում են գտնվում ՆԱՏՕ-ի հրամանատարական կենտրոնները եւ բալիստիկ հրթիռների ամերիկյան կայանը:

«Մենք աշխատում ենք մեր ռումինացի գործընկերների հետ իրավիճակը կարգավորելու համար եւ տրամադրելու ենք լրացուցիչ տեղեկատվություն, հենց որ այն հասանելի լինի», - ասվում է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:

Պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել բոլոր ինքնաթիռների մասնակցությունը նախատեսված երկու արարողություններին, Reuters-ին հայտնել է նախարարության խոսնակ, բրիգադային գեներալ Կոնստանտին Սպինուն: «Երկու արարողություններն էլ կկայանան, սակայն առանց ռազմական ինքնաթիռների մասնակցության», - ասել է Սպինուն: