Ի հեճուկս Հայաստանի եւ միջազգային հանրության գործադրած ջանքերի, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ չի կայունանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նկատենք, որ վարչապետի պաշտոնակատարը ցավակցություն չհայտնեց երեկ սահմանին զոհված 3 զինծառայողների մահվան կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, հայտարարեց. «Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության եւ գործողությունների գործադրումը, միաժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական եւ երկարաժմկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները:

Որպես այդպիսին կրկին ուզում եմ նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որոնք նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորություն դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո:

Մինչեւ օրս Ադրբեջանը չի արձագանքել այս կոչին, մինչդեռ Հայաստանը բազմիցս ընդգծել է իր պտրաստակամությունը ցանկացած պահի սկսելու բանակցային գործընթացը առաջարկվող ֆորմատով:

Մենք արտահայտել ենք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ երկխոսության մեջ լինելու մեր պարտաստակամությունը: Այդուհանդերձ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որեւէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ եւ գործողություններով վարկաբեկելով նաեւ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի ետռակողմ հայտարարությունները:

Մասնավորապես, ի հեճուկս 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների, պատանդների եւ  այլ պահվող անձանց շինծու դատավարությունները, որի հետեւանքով նրանք  դատապարտվում են երկար տարիների ազատազրկումների:

 

Հատուկ ուշդրության է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները  գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո խաղաղապահների պատասխանատվության գոտիներում: Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածավալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների եւ այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչեւ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն ԼՂ-ում խաղաղության ու կյունության դեմ իրականացվող գործողությունների շարք է»: