Իհարկե, մենք կարծում ենք, որ բախումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին սպառնալիք են տարածաշրջանի եւ, իհարկե, Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամի անվտանգության համար։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, այս մասին Երեւանում օգոստոսի 10-ին մի քանի ԶԼՄ-ների լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Այդ իրավիճակը, նրա հավաստիացմամբ, մշտապես գտնվում է ՀԱՊԿ տեսադաշտում։ «Մենք մոնիթորինգ ենք իրականացնում, առաջին հերթին, Հայաստանի պետական կառույցների աջակցությամբ»,- ավելացրել է նա։
Զասը խոր մտահոգություն է հայտնել այն առիթով, որ սահմանամերձ բախումների աշխարհագրությունը վերջին ժամանակներս ընդլայնվում է։
Նա նշել է, որ դա չի նպաստում աշխատանքներն սկսելուն եւ, ընդհանուր առմամբ, դժվարացնում է ղարաբաղյան հակամարտության լուծման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման պարտավորությունների կատարումը։ «Եթե խոսենք ստեղծված իրավիճակի, խնդիրների լուծման միջոցների մասին, ապա մենք կարծում ենք, որ, իհարկե, քաղաքական-դիվանագիտական կարգավորման հնարավորությունները չեն սպառվել։ Դա ամենալավ տարբերակը կլիներ բոլորի համար։ Մենք սպասում ենք, որ եռակողմ աշխատանքային խմբի բանաձեւը դրական արդյունք պետք է ունենա։ Սպասում ենք նաեւ, որ բոլոր կողմերը կենտրոնանան տարաձայնությունների քաղաքական եւ դիվանագիտական լուծման վրա»,- ընդգծել է Զասը։











