44-օրյա պատերազմը նոր խթան տվեց սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցին եւ ցույց տվեց, թե որքանով է կառավարման այն համակարգը, որն այժմ ունենք, համապատասխանում մեր երկրում առկա մարտահրավերներին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Հայաստանում գործող կառավարման համակարգի փոփոխությանը՝ Փաշինյանը նշեց, որ դրա շուրջ պետք է որոշումներ կայացվեն միայն քննարկումներից հետո՝ նկատելով, որ այս հարցում կարեւոր է լինելու հատկապես իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը.
«Շատ է խոսվում այն մասին՝ պե՞տք է երկրում փոխենք կառավարման համակարգը, թե պետք է չփոխենք կառավարման համակարգը, այլ դրա որոշակի բարեփոխումների ճանապարհով գնանք: Մենք մեր ծրագրում կանխավարկած չենք դրել, մեր կանխավարկածն այն է, որ մենք պետք է քաղաքական եւ հանրային լայն շրջանակների հետ ունենանք քննարկումներ, այստեղ շատ կարեւոր է լինելու իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ որպես ժողովրդի քվեն ստացած քաղաքական ուժ, բայց իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը միակ գործոնը չպետք է լինի, որը ազդի այս որոշման վրա»,-ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ կառավարման համակարգի փոփոխության հարցում հանրային կոնսենսուս չի ձեւավորվելու, քանի որ դրա վերաբերյալ լինելու են տարբեր կարծիքներ:
«Ես ուզում եմ ամենաակնհայտ օրինակը բերել, երբ երկրում առկա էր ռազմական հեղաշրջման վտանգ, այս իրավիճակը կարգավորելու համար 1 ամիս ժամանակ պահանջվեց, իսկ այդ ընթացքում թե ինչ տեղի ունեցավ կամ տեղի չունեցավ եւ ինչպես դա ազդեց մեր երկրի անվտանգային համակարգի վրա, ցավոք սրտի, դա մենք տեսանք մայիս ամսին: Կարծում եմ, որ այդ իրավիճակը ռազմական դրության պայմաններում արագ կարգավորելու հնարավորության բացակայությունը այն ակնհայտ խնդիրն է, որ կա մեր սահմանադրական կարգավորումներում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:











