ԱԱԾ ղեկավարի հետ եկանք պայմանավորվածության, որ կհեռանանք այստեղից, բայց պայմանով, որ ավելի խորացված հետախուզություն է իրականացվելու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, ԱԱԾ-ի դիմաց լրագրողներին ասացին անհայտ կորած զինծառայողների հարազատները։
«Ինչպես նաեւ պայմանավորվեցինք, որ պարբերաբար հանդիպելու ենք եւ մեզ զեկուցելու են կատարված աշխատանքի մասին: Մինչեւ արդյունքներ չլինեն, գոհ չենք կարող լինել, իսկ արդյունքը մեր երեխաներին գտնել է»,- ասաց հարազատներից մեկը։
Անհետ կորած զինվորի հարազատներից մեկն էլ ասաց, որ ՊՆ-ն մինչ օրս զինվորների տվյալների հավաքագրման աշխատանք չի կատարել, ուստի ծնողներն են հավաքագրման աշխատանքներ կատարել. «Հիմա ամբողջացնելու են այդ տեղեկությունները, որպեսզի մասնագետներն էլ արդեն իրենց աշխատանքները կատարեն, եթե գերատեսչությունները ժամանակին իրենց աշխատանքները կատարեին, այսպես չէր լինի: Այն մարդիկ, որոնք ռազմական հետախուզություն պետք է անեին, չեն արել, ցավոք սրտի, դեռ շարունակում են պաշտոնավարել»։











