«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` Կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով այսօր՝ օգոստոսի 24-ին, գումարվել է Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը:

Կառավարության ծրագիրը խորհրդարանին է ներկայացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  103–րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության ծրագիրը ներկայացնելու համար վարչապետին տրվում է մինչեւ երեք ժամ, որից հետո նրան կարող են  հարցեր տրվել։

Հարակից զեկուցմամբ կարող են հանդես գալ մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչներ։

Մտքերի փոխանակությունն իրականացվում է ընդհանուր կարգով։ Եզրափակիչ ելույթի համար վարչապետին տրվում է մինչեւ մեկ ժամ:

Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ազգային ժողովի նախագահը Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:

Եթե Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն չի տալիս, ապա Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, խմբակցություններն իրավունք ունեն Կանոնակարգի 140-րդ հոդվածով սահմանված կարգով առաջադրելու վարչապետի թեկնածուներ, եւ անցկացվում է վարչապետի ընտրություն: