Ադրբեջանը դեռ չի ստորագրել խաղաղապահների մանդատը, եւ ակնհայտ է դառնում, որ Բաքվի մի շարք գործողություններ ուղղված են ռուս խաղաղապահների, Լեռնային Ղարաբաղի, Լեռնային Ղարաբաղում կայունության եւխաղաղության դեմ: Այս մասին օգոստոսի 24-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ լուրջ մտահոգություն է առաջացնում այն, որ Ադրբեջանում հզոր հակաքարոզչություն է գեներացվում Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ, իրականացվում են գործողություններ: «Կարծում եմ, որ ադրբեջանական դատարաններում մեր գերեվարված քաղաքացիների նկատմամբ երկարաժամկետ պատժամիջոցների կիրառումը նպատակ ունի նաեւ վարկաբեկել ռուս խաղաղապահների առաքելությունը Ղարաբաղում: Խնդիրն այն է, որ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված մեր քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը գերի է ընկել նոյեմբերի 9-ից՝ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո եւ նրանց պատասխանատվության գոտիներում»,- ասաց Փաշինյանը:











