Գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։
«Մենք պլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն, պլանավորում ենք ունենալ նոր սպառազինություն։ Մենք հրաժարվել ենք հին սպառազինություններ ձեռք բերելուց, դա մեր քաղաքականությունն է։ Ավելի լավ է, որ մենք ունենանք քիչ, բայց որակով եւ հստակ իմանանք, որ այս սպառազինությունը գործելու է»,- ասել է նախարարը։
Ըստ Կարապետյանի՝ Հայաստանը պետք է փորձի ունենալ սեփական զենքի արտադրություն. «Այստեղ մենք նույնպես ունենք աջակցություն՝ համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով. դա արագ անելու ենք։ Մենք՝ որպես ազգ, պետք է կարողանանք արտադրել սեփական զենք»։
Արշակ Կարապետյանի խոսքով՝ պետք է թույլ չտալ Պաշտպանության նախարարության եւ արտադրող ձեռնարկությունների մեջ միջնորդներ լինեն։
«Կարծում եմ՝ այդ երեք պայմանները պահպանելու դեպքում մենք անպայման ստանալու ենք արդականացված եւ 21-րդ դարին համահունչ բանակ»- ասել է ՊՆ նախարարը։
Արշակ Կարապետյանը մասնակցել է մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանի տարածքում բացազատված «Բարեկամության տուն» միջոցառմանը, որտեղ իրենց մշակութային տաղավարներն են ներկայացրել Միջազգային բանակային խաղերի մասնակից պետությունները:
Նախարարը ծանոթացել է հայկական տաղավարում ցուցադրվող պատմամշակութային ցուցանմուշներին, շրջել մասնակից այլ երկրների տաղավարներով, այցելել «Պատրիոտ» կենտրոն, որտեղ անցկացվում է «Արմիա 2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսը:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է ռազմարդյունաբերական ընկերությունների ցուցասրահներով, ծանոթացել ներկայացվող զինատեսակներին: Պաշտպանության նախարարը նաև աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ։











