Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ օգոստոսի 27–ին, իրավաբանական արձագանք չտվեց լրագրողի այն հարցին, թե ադրբեջանական ԶՈՒ–երի կողմից  Կապան-Գորիս ավտոճանապարհի փակած հատվածները Հայաստանի տարա՞ծքն է, թե ինչպես պնդում են ադրբեջանցիները՝ ադրբեջանական է։

«Հարցի հասցեատերը ԱԳՆ–ն ու ռազմական գերատեսչություններն են։ Բայց վարչապետը բազմիցս նշել է  դեմարկացիայի ու դելիմիտացիայի անհրաժեշտության մասին։ Առանց սահմանազատման խնդիրների լուծման, իրավաբանական արձագանք Ձեր հարցին տալ այսօր տեղին չի լինի եւ ես չեմ կարող արձագանքել»,– ասաց նախարարը՝ չցանկանալով հարցի շուրջ ավելին ասել, պատճառաբանելով, որ այն իր տիրույթում չէ։

Միայն լրագրողի դիտարկումներից հետո, թե այդ տարածքներում ապրող բնակիչների իրավունքները սահմանափակվել են, նախարարն ասաց, որ Ադրբեջանի քաղաքականության պատճառով մարդու իրավունքների խախտումներ են լինում, ինչի մասին բարձրաձայնել է Կառավարությունը։

«Ցավում եմ, որ գործընթացները չեն գալիս այն հանգրվանին, որ մեր հարեւան պետության հետ այնպիսի իրավական գործընթացներ տեղի ունենան, որ այլեւս հարեւան պետության պատճառով մեր քաղաքացիների իրավունքները չխախտվեն»,– ասաց Արդարադատության նախարարը՝ հավելելով, որ Կառավարությունն առավելագույնն է անում ստեղծված իրավիճակում։

Արդարադատության նախարարը չպատասխանեց լրագրողների մյուս հարցերին, մեկնաբանելով, թե դրանք քաղաքական ելույթներ են։

Նշենք, որ լրագրողների հարցերը վերաբերում էին ադրբեջանական կողմի՝ ճանապարհները փակելու հետեւանքով  տարածաշրջանի բնակիչների կենցաղային խնդիրներին, նրանց իրավունքների սահմանափակմանը, մինչդեռ նրանց խոսքով՝ վարչապետը խոսում է այն մասին, որ այլընտրանաքային ճանապարհ կա ու Սյունիքը կտրված չէ Հայաստանից։

«Սա ի՞նչ է նշանակում, նա մեզ նախապատրաստում է հարմարվե՞լ իրավիճակին»,– Արդարադատության նախարարից հետաքրքրվել էր լրագրողը, հավելելով նաեւ՝ բանակցություններ կան, թե՝ ոչ։