Տարածաշրջանում լարված իրավիճակը Բաքվի ապակառուցողական քաղաքականության հետեւանք է։ Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ սա իր առաջին արտասահմանյան այցն է որպես ԱԳՆ ղեկավար։ Նրա խոսքով՝ դա պատահական չէ, քանի որ ՌԴ-ն ՀՀ ռազմաքաղաքական դաշնակիցն ու հիմնական տնտեսական գործընկերն է։ Նա հաստատել է հայկական կողմի՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի շրջանակում հարաբերությունների հետագա զարգացման պատրաստակամությունը։ Ընդգծելով բարձր մակարդակով մշտական շփումները պահպանելու կարեւորությունը՝ Միրզոյանը նշել է, որ դա հատկապես կարեւոր է արագ փոփոխվող միտումների եւ իրավիճակի ֆոնին, որը ստեղվծել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ծավալած 44-օրյա պատերազմի ժամանակ։ «Մեր տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը մեր ռազմավարությունն է, եւ մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ ակտիվ երկխոսության։ Սակայն տարածաշրջանում պահպանվում է լարված իրավիճակը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով։ Ցանկանում եմ հիշեցնել, որԲաքուն չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության իր պարտավորությունները։ Ավելին, խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը բացահայտ սադրիչ քայլեր է ձեռնարկում, որոնք ուղիղ ոտնձգություն են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչի հետ մենք բախվեցինք ս․թ․ մայիսի 12-ին։ Այդ բոլոր գործողություններն ուղեկցվում են շարունակվող հայաֆոբ եւ ագրեսիվ հայտարարություններով, Ադրբեջանի իշխանության հռետորաբանությամբ։ Բաքուն հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, առաջին հերթին, կապված ռազմագերիների եւ բռնի պահվող անձանց վերադարձի հետ»,-նշել է Արարատ Միրզոյանը։











