Ադրբեջանը շարունակում է թաքցնել բանտարկյալների իրական թիվը: Այս մասին ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի նկատմամբ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ Հայաստանի օմբուդսմենի զեկույցին նվիրված մամուլի ասուլիսին ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը:
Նա հիշեցրեց բազմաթիվ փաստեր, երբ մարդիկ Ադրբեջանում էին, իսկ այդ երկրի իշխանությունները համառորեն շարունակում էին ժխտել նրանց գերեվարումը: «Էրիկ Խաչատրյանի խումբը, օրինակ: Նրանք դեկտեմբերի 5-ից գտնվում են Արդարադատության նախարարության մեկուսարանում: Բայց մինչեւ փետրվար Ադրբեջանը փորձում էր նրանց համոզել, որ իրենց մոտ նույնականացված հինգ տղաները չկան»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ մենք գործ ունենք բռնի անհետացման հետ. «Պաշտոնական ադրբեջանական տվյալները թերի են եւ չեն արտացոլում իրական պատկերը: Մնում է տեսնել, թե ինչպես վարվել այդ ռազմական հանցագործության հետ»: Նրա խոսքով՝ կա եւս մի զինվորական, ում մասով վստահություն կա, որ Ադրբեջանի իշխանությունները հերքում են դա: «Տեղեկություններ կան, երբ մարդկանց վեց ամիս մեկուսացման մեջ են պահել, ԿԽՄԿ-ին նրանց մոտ չէին թույլատրում: Մենք չենք բացառում, որ նմանատիպ այլ դեպքեր էլ լինեն, ինչպես եւ չենք բացառում, որ մարդիկ կարող են սպանված լինել»,- նկատեց փաստաբանը:
Օմբուդսմեն Արման Թաթոյանը նշեց դեպքեր, երբ գերիներին թաքցնում էին ԿԽՄԿ-ից եւ խմբերով տեղափոխում՝ թաքցնելու համար: Ինչ վերաբերում է գերիների դատավարություններին, ՄԻՊ-ը դրանք որպես հերթական հանցագործություն է գնահատել:
Սիրանուշ Սահակյանը հայտնեց նաեւ, որ կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ իրենք 38 բողոք են ներկայացրել, տասնյակ դեպքեր ուսումնասիրվում են: «Նախնական տվյալները վկայում են, որ մարդիկ սպանվել են: Մենք սպասում ենք քննությունների արդյունքներին` բողոքներ ներկայացնելու համար: Մենք կանխատեսում ենք, որ եւս մոտ 30 դեպք կլինի: Դրանք չեն ներառում բռնի անհետացման դեպքերը: Նման դեպքերն ավելի քան 20-ն են»,- ասաց փաստաբանը:











