Ադրբեջանից հայ գերիների, զինծառայողների եւ քաղաքացիական անձանց վերադարձի գործընթացը պետք է շարունակվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Երեւանում ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Իվան Կորչոկը։

Հիշեցնենք, որ Կորչոկը Հայաստան է ժամանել առաջին պաշտոնական այցով։ Նա բարձր է գնահատել խաղաղ դարաշրջան սկսելու՝ Հայաստանի կառավարության մտադրությունը։ Կորչոկի կարծիքով՝ դա թույլ կտա կոնֆլիկտի 30 տարիներից հետո տարածաշրջանում գործընթացներ սկսել, որոնք կհանգեցնեն հաշտեցման։

Նախարարը կոչ է արել  զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կնպաստի իրավիճակի լարմանն ու կխախտի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։  «Ցանկացած հակամարտություն հասարակ քաղաքացիների համար տառապանք է։ Եթե կան կամք եւ վճռականություն, ապա կոնֆլիկտները կկարգավորվեն»,-ասել է նա՝ հավելելով, որ Սլովակիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։

«Աջակցում ենք քայլերին, այդ թվում՝ Ադրբեջանից հայ գերիների վերադարձին։ Գերիների վերադարձի գործընթացը պետք է շարունակվի; Միաժամանակ, պետք է շարունակվի ականազերծման գործընթացը, որպեսզի  մարդկային կյանքեր փրկվեն»,-հավելել է Կորչոկը՝ շեշտելով ԵՄ-ի՝ աջակցության պատրաստակամությունը։ Նախարարը նաեւ նշել է, որ նախօրեին ընթրել է եւ կարճ զբոսանք կատարել Երեւանում։