Ականապատ դաշտերի քարտեզների հետ կապված պետք է Փաշինյանի հարցնել, թե ինչ է պայմանավորվել Ալիեւի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ եթե գերիներին մտադիր լինեին վերադարձնել, ապա արդեն վերադարձրել էին, քանի որ դա նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջն է, իսկ Ադրբեջանը հայ գերիներին պահում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։
Նա նկատեց, որ վերջին մեկ տարում ռազմաքաղաքական իրավիճակին հստակ գնահատական չի տրվել, չկան անվտանգության համակարգի ամրապնդման ադեկվատ քայլեր։
«Հայաստանը ուշացնում է, եւ դա Բաքվի եւ Անկարայի կողմից ճնշման պատճառ է դառնում։ Մենք պետք է արագ գործենք։ Ադեկվատ գնահատենք անցած տարվա պատերազմը»,-հավելեց Օհանյանը։
«Եթե ներկայիս իշխանությունը փորձ եւ համապատասխան ունակություններ ունենար, ապա պետք է հասկանար, որ հակառակորդը դժվար զիջի այն դիրքերը, որտեղ ինժեներական աշխատանքներ է անցկացնում, այդ պատճառով այդ վայրերում պետք էր ամրապնդվել, ապա նոր բանակցություններ վարել։ Չկա իրավական հիմք, չկան քարտեզներ, որոնք հիմք կդառնային դելիմիտացիայի եւ դեմարկացիայի համար։ Ներկայիս իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիր կնքելը կնշանակի նրա տարածքային ամբողջականության ճանաչում, ինչը հարված կլինի Արցախի համար»,-ընդգծեց Օհանյանը։











