Պետք է հասկանալ, թե ինչ օրակարգ է իրականացնում Փաշինյանը, քանի որ Ադրբեջանը կարող է խաղաղության դարաշրջանի մասին թեզը վերածել խաղաղության միրաժի: Այս մասին հոկտեմբերի 5 -ին լրագրողների հետ հարցազրույցում ասաց «Հայաստան» դաշինք խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ադրբեջանի եւ Թուրքիայի հռետորաբանությունն ուղղված է միայն Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելուն, որոնք նման իրավիճակում պետք է աշխատեին անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ», - նշեց նա:
Արցախյան վերջին պատերազմից հետո Ալիեւը, ըստ Օհանյանի, ավելի շահեկան իրավիճակում է, նա է օրակարգ թելադրողը:
«Նոյեմբերի 9-ին եւ հունվարի 11-ին ստորագրված հայտարարությունները ստիպեցին Հայաստանին հանձնել Արցախի մի մասը Ադրբեջանին, ինչպես նաեւ Ադրբեջանին փոխանցել Հայաստանի տարածքում ռազմավարական դիրքերն ու բարձունքները: Իսկ այժմ Ալիեւի հռետորաբանությունն ուղղված է նրան, որ ստիպեն Հայաստանին միջանցք բացել դեպի Նախիջեւան՝ Թուրքիայի հետ միասին Կենտրոնական Ասիայի հետ կապված երկարաժամկետ նախագծերի իրականացման համար», - ավելացրեց նա:











