Ես ջերմ հարաբերություններ եմ հաստատել Իրանի արտգործնախարարի հետ: Այս մասին հոկտեմբերի 6 -ին ՀՀ Ազգային ժողովի նիստին կառավարության ժամին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարարի խոսքով` Իրանի արտգործնախարարի հետ շատ կարեւոր հարցեր են քննարկվել:

«Ուզում եմ ասել, որ այս այցը եւ զրույցն ընդանուր առմամբ վերաբերում էին ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլեւ կարեւոր տարածաշրջանային նշանակություն ունեին»,- ասաց Միրզոյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ ողջունում է Իրանի դիրքորոշումը Հայաստանի սահմանների անխախտության  վերաբերյալ, եւ ընդհանրապես բոլոր այն դրական ազդակները, որոնք ստացվում են Թեհրանից այս հարցում:

Միրզոյանն ասաց, որ խոսքը նաեւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է: Ըստ Հայաստանի արտգործնախարարի` իրենք հաստատել են պաշտոնական Երեւանի դիրքորոշումը:

«Նման հարց չկա եւ չի կարող լինել»,- ասաց նախարարը: