Այս տարվա սկզբին «Ամերիաբանկ»-ի ակտիվները գերազանցել են 1 տրիլիոն դրամը։ Հայաստանի բանկային համակարգում սա առաջին անգամ է տեղի ունենում։ Այս մասին հոկտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Ամերիաբանկ»-ի խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը՝ ներկայացնելով բանկի 2021 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշները։

Նա հավելեց, որ բանկը առաջատար է գրեթե բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով, այդ թվում՝ ակտիվներով, որոնք երրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել են մոտ 1 տրլն 90 մլրդ դրամ։

«Վարկային պորտֆելի չափը կազմել է 660 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունը՝ 672 մլրդ դրամ։ Կապիտալի ծավալը երրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել է մոտ 125 մլրդ դրամ, իսկ զուտ շահույթը՝ մոտ 14,5 մլրդ դրամ։

Այս ցուցանիշներով մենք առաջատարն ենք Հայաստանի բանկային համակարգում։ Կապիտալի շահութաբերությունը կազմել է 16,6%, եւ այս ցուցանիշով մենք երկրորդ տեղն ենք զբաղեցնում բանկային համակարգում։ Մենք առաջատար ենք եղել կապիտալի նոր տարրեր ներգրավելու հարցում։ Տարվա ընթացքում մեզ հաջողվել է ներգրավել 18 մլն ԱՄՆ դոլարի սուբորդինացված փոխառություն՝ մեր միջազգային ֆինանսական գործընկերներից մեկից։ Սա թույլ է տվել ապահովել հետագա աճը: Այս տարի մենք կգերակատարենք մեր ցուցանիշները, որոնք ի սկզբանե պլանավորել էինք, եւ կպահպանենք մեր առաջատար դիրքերը բանկային համակարգում։ Մենք մեր առջեւ մի քանի նպատակ ենք դրել՝ պահպանել առաջատար դիրքը բանկային համակարգում՝ հիմնական ֆինանսական ցուցանիշների առումով, մշտապես բարելավել հաճախորդների սպասարկման որակը եւ դիվերսիֆիկացնել պորտֆելները: Այս նպատակներին հասնելու համար մենք որդեգրել ենք թվային տրանսֆորմացիայի գաղափարը, որի շրջանակներում արդեն երկու տարի աշխատում ենք բազմաթիվ թվային լուծումների վրա։ Դրանք կնպաստեն հաճախորդների սպասարկման որակի բարելավմանը: Դրանց շնորհիվ հաճախորդներին հնարավոր կլինի պարզ լուծումներ առաջարկել»,- նշեց Հանեսյանը։