Գյումրիի նորընտիր ավագանու այսօր մեկնարկած առաջին նիստում քաղաքապետի միայն մեկ թեկնածու է առաջադրվել:

Ավագանու նիստի ժամանակ հայտարարվեց, որ համայնքի ղեկավար ընտրվում է բաց քվերակությամբ:  Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձաներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից, ավելի է ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից։

«Բալասանյան դաշինք» խմբակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրեց Վարդգես Սամսոնյանի թեկնածությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու չառաջադրեց։ Խմբակցության ներկայացուցիչն ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու Սամսոնյանի թեկնածությանը:

Թեկնածուներ չառաջադրեին նաեւ «Զարթոնքը», ՀՀԿ-ն ու «Ապրելու երկիրը»:

Վարդգես Սամոսնյանն իր ելույթում նշեց, որ երազում է հինգ տարի անց տեսնել բարեկարգ, կանաչապատ, հանգիստ, համախմբած, մաքուր, զարգացող, իր ապագային վստահ նայող քաղաք։ Նա թվարկեց մի քանի խնդիր՝ մոտ 3000 տնակ, ներքաղաքային դեռևս չբարեկարգված շուրջ 70 կմ փողոց, աշխատատեղերի պակաս, զբոսաշրջային ենթակառուցվածքների դեռևս ոչ  բավարար վիճակ, հարմարավետ տրանասպորտային  համակարգի բացակայություն։

«Իմ ամենօրյա աշխատանքում հետամուտ եմ լինելու այս և մյուս խնդիրներին, եթե ստանամ ավագանու վստահության քվեն»,- ասաց Վ.Սամսոնյանը։

Հայտարարվեց 30 րոպե ընդմիջում հաշվիչ հանձնաժողովը համայնքի ղեկավարի ընտրության բաց քվեարկությանը նախապատրաստելու համար։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիում հոկտեբերի 17-ին կայացած  ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում  «Բալասանյան» դաշինքը ստացել է 14 մանդատ, ՔՊ-ն՝ 11 մանդատ, «Զարթոնքը»՝ 4 մանդատ, իսկ ՀՀԿ-ն ու«Ապրելու երկիրը»՝ 2-ական մանդատ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Բալասանյան դաշինքն» ու ՔՊ-ն հուշագիր են ստորագրել, որի համաձայն քաղաքապետը կլինի «Բալասանյան դաշինքի» թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետները կլինեն ՔՊ-ից: