Պետք է ձեռնպահ մնալ «դաժանություն» տերմինի կիրառումից ոստիկանության աշխատանքը եւ նրա աշխատակիցների գործողությունները նկարագրելիս։ Այս մասին նոյեմբերի 1-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների հարցերին, որոնք դժգոհում էին ոստիկանների չափազանց կոշտ գործողություններից քաղաքացիներին բերման ենթարկելիս։
Նրա խոսքով՝ ոստիկաններն իրականացնում են օրենքով իրենց վրա դրված գործառույթները։ «Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ շատ դեպքերում նրանք գործում են անհամեմատ ավելի ներողամիտ, քան մենք վարժվել ենք մտածել։ Մեզ մոտ սիրում են ուրիշներից՝ ավելի զարգացած երկրներից օրինակներ բերել, բայց դա այդպես չէ»,- նշեց Ֆիդանյանը։
Ընդ որում՝ նա նշեց, որ 2021թ. անցած ինն ամիսներին ոստիկանության աշխատակիցների հանդեպ իրականացվել է 1407 հետաքննություն, ինչի արդյունքում կարգապահական տույժերի է ենթարկվել ընդամենը 412 աշխատակից։ Նրանցից 239-ը ստացել է նկատողություն, 54-ը՝ խիստ նկատողություն, 28-ն ազատվել է»,- տեղեկացրեց փոխոստիկանապետը։











