Քանի որ ես եմ համակարգում այդ ոլորտը, առավել մանրամասն ներկայացնելու համար ես եմ ներկայացել Ազգային ժողով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը ներկայացել է ոչ թե ՀՀ ոստիկանապետը, այլ ինքը:
Նա հավելեց, որ այստեղ որեւէ արհամարհանք չկա ԱԺ-ի նկատմամբ. «Ես նույնիսկ մենակ չեմ եղել, մեծ թվով մեր ծառայողներ են ներկա, որ կարողանանք ամբողջովին պատասխանել եւ բավարարել պատգամավորների պահանաջրկը: Ոստիկանապետը եւս կարող էր ամբողջական ներկայացնել, բայց կան որոշ հանգամանքներ, որոնց մասին չեմ կարող բարձրաձայնել: Մասնավորապես դեպքերի հետ կապված, վերջին շրջանում կազմակերպչական հարցերի հետ կապված, որոնք առկա են»,-ասաց փոխոստիկանապետը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ այսօրվանից բաց տարածքներում դիմակ չկրողները դառնալու են տուգանքի առարկա, Ֆիդանյանն ասաց. «Երբեւէ չի եղել իրավիճակ, որ ոստիկաններն առանց հիմքի տուգանեն որեւէ քաղաքացու: Նրանք կատարելու են զուտ օրենքով իրենց վերապահված պարտականությունները»:











