Գորիս Կապան ճանապարհահատվածում նախ անվտանգություն են ապահովում, ապա ուղեկցումներ ենք իրականացնում. հատկապես հիմա եղանակային պայմաններով պայմանավորված աճում է այդ ուղեկցումների թիվը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

«Ոչ միայն այդ հատվածում, առհասարակ ունենք խնդիր ոստիկանության ծառայողների թվաքանակի հետ: Այդուհանդերձ, կարողանում ենք այլ ծառայությունների ուժերով կազմակերպել եւ մինչ օրս որեւէ խնդիր չենք ունեցել:

Գիտեք, որ այդտեղ տեղի ունեցան բեռնատարների որոշակի կուտակումներ, բավականին մեծամասշտաբ աշխատանք տարվում է այդ հատվածում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ադրբեջանցիները վերջերս մի քաղաքացու կանգնեցրել էին,  երկար ստուգել էին, մեքենային էին հարվածել, փոխոստիկանապետն ասաց. «Ցավոք, այո նման բան եղել է; Այստեղ պետք է կանոնակարգում իրականացվի միջազգային փաստաթղթերի հիման վրա: Այսինքն այն հատվածը, որը ՀՀ տարածքում չի դիտարկվում, պայմանավորվածություն կա, որ ճանապարհային պատահարների դեմպքում ոստիկանությունն է զբաղվում»: