Ոստիկանության հաստիքը Սյունիքի մարզում պետք է համալրել։ Այս մասին նոյեմբերի 1-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ դիմելով փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին։
Նա նշեց, որ 2020թ. իրադարձություններից հետո ոստիկանների ծանրաբեռնվածությունը խիստ ավելացել է, քանի որ նրանք, սովորական ծառայական պարտականություններից բացի, ստիպված են ծառայել նաեւ սահմանին, ինչպես նաեւ ուղեկցել ավտոմեքենաները մայրուղիներում։ «Աշխատանքի այսպիսի հսկայական ծավալը դժվար է հաղթահարել՝ մանավանդ հաշվի առնելով անձնակազմի ներկայիս թվաքանակը։ Անձնակազմը պետք է ավելացնել գոնե Գորիսում եւ Կապանում»,- ասաց պատգամավորը։
Փոխոստիկանապետը, իր հերթին, խոստացավ դիտարկել այդ հարցը։ «Մենք կքննարկենք լրացուցիչ հատկացումների հնարավորությունը Սյունիքի մարզի համար եւ կներկայացնենք պատգամավորների դիտարկմանը»,- ընդգծեց Ֆիդանյանը։











