Խորհրդարանական ընդդիմությունն՝ ի դեմս «Հայաստան»  եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների, հերթական անգամ բոյկոտեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Ընդդիմությունից հանձնաժողովի անդամները ներկա չէին հերթական նիստին՝ փաստացի մենակ թողնելով իշխող մեծամասնությունից պատգամավորներին։ Օրակարգում մեկ հարց էր՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը։

Այդ պաշտոնին արդեն 10-րդ անգամ առաջադրվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, ով եւս ներկա չէր նիստին։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ դիմեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ նրան կոչ անելով ի վերջո կողմնորոշվել եւ ընտրել թեկնածուի եւ հայտնել, թե ո՞վ է որոշել 10-րդ անգամ առաջադրել Ղազինյանի թեկնածությունը։ «Դա ձեր դաշինքի ղեկավար, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությո՞ւնն էր»,-դիմեց նա Օհանյանին։

Այնուամենայնիվ, ընդդիմության պատգամավորների բացակայությունը չխանգարեց հանձնաժողովի մնացած անդամներին հերթական անգամ մերժել Ղազինյանի թեկնածությունը։