Վերջին 12 տարում տրված բազմաբնկարան շենքերի 320 շինթույլտվություններից 185 շենքը հենց հիմա կառուցվում է. այսինքն եթե նայենք 12 տարվա կտրվածքով կեսից շատը հենց հիմա է իրականացվում, ինչը խոսում է այն մասին, որ ներդրումները հորդում են, այո: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք պետք է փոխենք մեր տնտեսության կառուցվածքը, սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարենք դեպի ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի: Կան խնդիրներ, որոնք պետք է լուծել գործարար միջավայրի մակարդակում, այսինքն լավացնել ներդրումային միջավայրը, այնպես անելով, որ բյուրոկրատական խնդիրները չխանգարեն, որ նեերդրումները լցվեն շուկա: Մյուս կողմից էլ մենք հիմա նախագծում ենք 2 շատ խոշոր ծրագիր, որոնք պետք է խթանեն ներդրողներին ներդրում անել հենց Հայաստանում: Դրանցից մեկը՝ ենթակառուցվածքային օժնդակություն տալ ներդրողներին, մյուսը՝ օգտագործելով պետական գույքը ներդրումներ ներգրավելու մեջ»,-ասաց նա: