Մենք առաջին Կենտրոնական բանկն էինք տարածաշրջանում, որ նախորդ տարվա դեկտեմբերին բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, երբ գնաճը ՀՀ-ում 3,1 տոկոս էր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Մենք ելնելով մեր կանխատեսումներից, որոշեցինք, որ տոկոսադրույքը պետք է բարձրացնենք: Եթե հիմա նայենք հարեւան երկրների ԿԲ-ներին, այնտեղ շարունակում են բարձրացնել տոկոսադրույքը: Օրինակ ՌԴ-ում այն արդեն 7,5 տոկոս է:

Մեր կանխատեսումներով չենք բացառում, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գնաճը կշարունակի որոշակիորեն բարձրանալ, բայց մեր կանխատեսումներով, մյուս տարվա ընթացքում, ամենահավանական ժամկետը կլինի երկրորդ եռամսյակի վերջը, մենք կմոտենանք մեր թիրախային ցուցանիշին: Դա որոշ չափով պայմանավորված կլինի բազային էֆեկտներով»,-ասաց նա: