«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը ձեւավորվել է ընդամենը մեկ տարի առաջ, երբ 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ձեռք բերեց «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը: Կրկին ամբողջովին հայկական դարձած ընկերությունը 12 ամիսների ընթացքում հասել է նշանակալիձեռքբերումների, որոնք կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսական զարգացման ու հզորացման վրա:
«Team Telecom Armenia» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանի խոսքով՝ ընկերությունը անցած ամիսների ընթացքում սկսել է ներդրումային խոշոր ծրագիր, որի նպատակն է ստեղծել Հայաստանում հեռահաղորդակցության նոր ենթակառուցվածք, նոր սերնդի ցանց՝ հիմնված գերժամանակակից օպտիկա-մանրաթելային կապուղիների վրա:
Nokia-ի հետ համատեղ կազմակերպությունը գործարկել է «Ապագայի ցանցը», որը նմանը չունի ոչ միայն մեր երկրում, այլեւ ամբողջ տարածաշրջանում: Նոր ցանցերը յուրաքանչյուր բաժանորդին հնարավորություն կտան համաշխարհային ցանց մուտք գործել մինչեւ 25 Գբ/վ արագությամբ: Գարնանն այս ցանցը հասանելի դարձավ Դավթաշենում, իսկ ներկայում աշխատանքներ են ընթանում Արաբկիր վարչական շրջանում եւ մարզերի մի շարք քաղաքներում: Գնդեվազ համայնքի դեռեւս անալոգային կապուղիներն, օրինակ, արդեն միացել են նոր սերնդի ցանցին:
«Տեխնոլոգիական տեսանկյունից դա թռիչք էր, օրինակ, ինչպես դայլափից մենք անցանք օպտիկա-մանրաթելային ցանցին: Սա գրեթե նման թռիչք էր, որը տեղի ունեցավ գյուղական վայրում: Հենց այս պահին այդ շինարարությունները կատարվում են Քաջարանում, Հրազդանում, Ջերմուկում, եւ այս տարի այդ բնակիչներն էլ կունենան հնարավորություն օգտվել նման ցանցից: Իսկ ապագայում, 22-23 թվականներին, մի շարք քաղաքներ եւ գրեթե ամբողջությամբ Երեւանը պատված կլինի օպտիկա-մանրաթելային ցանցով, որն ընդամենը օպտիկա-մանրաթելային ցանց չէ, այլ հնարավորություն է տալիս ցանկացած բնակարան համակցել օպտիկա-մանրաթելային ցանցով մինչեւ մեր տվյալների կենտրոն», - ասաց Հայկ Եսայանը:
Կազմակերպությունը վերազինման լուրջ աշխատանքներ է անցկացնում նաեւ բջջային կապի ոլորտում՝ 4G շարժական ինտերնետի հասանելիությունը մեծացնելու համար: Այս աշխատանքները բաժանորդներին տեսանելի չեն, բայց բարձրացնելու են մատուցվող ծառայությունների որակն ու մակարդակը:
Վերազինման աշխատանքների շնորհիվ, այս պահի դրությամբ, 40 համայնքներում արդեն հասանելի է դարձել 4G ծածկույթը, եւ ապագայում նման համայնքների թիվն ավելի է մեծանալու: Ուշագրավ է, որ շարժական կապի ծածկույթը բարելավվում է ոչ միայն խոշոր բնակավայրերում, այլ նաեւ հեռավոր բնակավայրերում ու սահմանամերձ գոտիներում. Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերի մեծ մասում արդեն 4G ծածկույթ կա: Աշխատանքներ են իրականացվում նաեւ Սյունիքի մարզում: Կազմակերպությունը ծրագրում է կապով ապահովել սահմանամերձ գյուղերի մեծ մասը. ընկերության մասնագետները համոզված են, որ վերազինման այս գործընթացն ունենալու է երկարաժամկետ ազդեցություն Հայաստանի տնտեսական զարգացման ու հզորացման վրա:
«Տելեկոմ Արմենիայի» աշխատանքի ուղղություններից մեկը միջազգային բիզնեսն է, եւ այս ոլորտում եւս վերջին 12 ամիսների ընթացքում ձեռքբերումներ են գրանցվել՝ արձանագրելով ավելի քան 10 նոր բիզնեսի ներգրավում եւ մի քանի մլրդ դրամի հասույթ: Կազմակերպության հիմնական միջազգային գործընկերները Մերձավոր արեւելքի 4 երկրներն են, որոնց հետ համագործակցությունը չի սահմանափակվում կապուղիների վարձակալությամբ կամ վաճառքով. բանակցություններ են վարվում նաեւ կոնտենտի տրամադրման, դատա-կենտրոնի եւ մի շարք այլ ծառայությունների տրամադրման ուղղությամբ:











