Իրականում հայաստանյան իշխանություններն իրենց օրակարգով փակելով Արցախի հարցը՝ այլևս չենք տեսնում ընդհանրապես այցելություններ դեպի Արցախ, չկա նաև համագործակցություն Հայաստանի իշխանությունների հետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով ընթացող քննարկման ժամանակ հայտարարեց  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ըստ նրա, այստեղ մի բան է մնում՝ գիտակցել, որ ՀՀ և Արցախի Հանրապետությունը իշխանությունների սեփականությունը չեն, իրական տերերը հայ ազգն է և միասին լինելով պետք է  կարողանալ դուրս գալ այս արհավիրքից։

«Ցավոք սրտի, այսօր Արցախի իշխանությունների ականջները, աչքերը փակ են, չեն լսում ընդդիմության առաջարկներն ու լուծումները տարբեր հարցերի վերաբերյալ, մատնում են լուռ անտարբերության, կարծես թե այդ մասին ընդհանրապես չի խոսվել»,- ասաց Մ. Հակոբյանը։

Նա նշեց, որ այսօր Արցախում բոլորի համար ամենաառաջինն անվտանգային խնդիրն է. «Հայաստանի իշխանությունները, մասնավորապես Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է  ամեն ինչ հանուն խաղաղության սկզբունքով՝ միաժամանակ ոտնահարելով Հայաստանի և Արցախի Հանրապետության, հայ ազգի արժանապատվությունը։ Խաղաղությունն արժեք է, որին պետք է ձգտի ցանկացած ողջամիտ հասարակության և պետություն, եթե այն չի ոտնահարում ազգային ու պետական արժանապատվությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։

Նա ընդգծեց՝ Արցախում գումար բաժանելով բնակչությանը հնարավոր չէ պահել, կեղծ օրակարգ է, որին այսօր գնում են Արցախի իշխանությունները, ցույց են տալիս, որ լուծում են Արցախի հիմնական խնդիրները։

Մ. Հակոբյանի խոսքով, ամենակարճ ժամկետում պետք է մշակել և կիրառության  մեջ դնել Արցախի Հանրապետության բանակի վերակենդանացման, վերազինման, կատարելագործման ծրագիր, սկսել բանակի նյութատեխնիկական ապահովման նոր հայեցակարգի մշակում՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանի նոր իրողությունները, պարամետերերը, նոր իրականության պայմաններում ՌԴ հետ հարաբերությունների նոր կարգավորումներ փնտրել։

Պատգամավորը նաև անդրադարձավ Արցախում սոցիալ տնտեսական խնդիրներին, որոնք, ըստ նրա, ահռելի ծավալների են հասնում։

«Սոցիալական լարվածության մեծ աճ կա Արցախում, վտանգի օրեցօր ուժգնացող զգացողություն։ Իսկ ամենավտանգավոր երևույթը, որ կա Արցախում, արտագաղթի մեծ ծավալն է, չնայած իշխանությունները փորձում են իրենց այնպես պահել, որ չկա նման բան»,- ասաց քաղաքական գործիչը։

Նրա գնահատմամբ, Արցախում կատարավում է շատ անհասկանալի շինարարական աշխատանքներ անօթևան մնացած բռնի տեղահանված մեր հայրենակցիներին տանիքով ապահովելու քողի տակ, չնայած դրանք շատ դեպքերում շենքերի հարդարումներ են, ասֆալտապատման երբեմն անիմաստ աշխատանքներ, բնակավայրերից բավականին հեռու լուսավորության տեղադրման աշխատանքներ։

Մ. Հակոբյանը նաև նշեց, որ այս իշխանությունները երկրում կազմակերպված ձևավորեցին ընկճախտի ու շփոթվածության մթնոլորտ, չստեղծեցին պայմաններ, որպեսզի բոլոր մարդիկ աշխատանք ունենան, ոչ թե սպասեն հերթական 68 հազարներին։

Նա վստահ է՝ հնարավոր է նոր որակի պետություն ստեղծելով դուրս գալ այս մղձավանջից՝ հմուտ կառավարմամբ, ռեսուրսների լիարժեք օգտագործմամբ ու հայրենասիրությամբ։