Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց մի դեղատան աշխատակցուհուց: Նա հայտնեց, որ անհայտ անձը խաբեությամբ հափշտակել էր 30 հազար դրամ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշտարակի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շնորհիվ պարզվեցին և՛ խարդախության մեխանիզմը, և՛ խարդախի ինքնությունը: էջմիածնի բնակիչ, 42-ամյա տղամարդը ծրար էր հանձնել դեղատան աշխատակցուհուն և հայտնել՝ իբր այն պետք է փոխանցել տեղական ինքնակառավարման մարմնում աշխատող մեկին: Համոզիչ լինելու համար նա կնոջը հայտնել էր նաև հեռախոսահամար, որով կարող էր կապվել ՏԻՄ աշխատակցի հետ: Կինը զանգել էր, խոսել, բայց, իհարկե, ոչ այն անձի հետ: Դատարկ ծրարը թողնելով և վերցնելով 30 հազար դրամը, որը կնոջը իբր պետք է վերադարձներ հայտնի անձը, 42-ամյա տղամարդը հեռացել էր:
Բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 1-ին տղամարդը ինքնակամ ներկայացավ ոստիկանության Աշտարակի բաժին և խոստովանեց արարքը: Խոստովանեց նաև, որ օգտագործելով նույն մեխանիզմը՝ 30-հազարական դրամ էլ հափշտակել էր Աշտարակ քաղաքի և Ոսկեվազ գյուղի երկու դեղատների աշխատակցուհիներից:
Հանգամանքները պարզվում են:











